Բավ է պառակտվել
22-09-2015 17:02

ԵԱՀԿ ՄԽ-ն հույս ունի ՀՀի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի համոզմամբ՝ այս տարի իրենց հաջողվել է առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններում ու նվազեցնել լարվածությունը շփման գծում։  Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհամբերությամբ են սպասում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որոնց ընթացքում նախապատրաստվելու է երկու նախագահների հանդիպումը։ «Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ։ Համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ այդ հարցը կքննարկեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումները»,-ասել է դիվանագետը։ Մեկնաբանելով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև առկա լարվածության ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության վրա՝ համանախագահը նշել է, որ երկու երկրներն ընդհանուր նպատակ ունեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ «Չնայած տարաձայնություններին, որոնք առկա են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այլ ոլորտներում, մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում՝ մեր ընդհանուր աշխատանքում առաջընթաց գրանցելու համար, և որպեսզի հասնենք երկարատև կարգավորման, որը կվերափոխեր Հարավային Կովկասը»,- ասել է նա։