Բավ է պառակտվել
08-10-2017 11:50

Միջնորդներ. ՀՀ-ն և Ադրբեջանը Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրիու Շեֆերը (ԱՄՆ) հոկտեմբերի 6-ին Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ հոկտեմբերի 7-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես նշված է համանախագահների հայտարարության մեջ, դա տեղի է ունեցել նախագահների առաջիկա հանդիպումից առաջ վերջնական նախապատրաստության, ինչպես նաև քննարկման հնարավոր թեմաների հստակեցման նպատակով: Համանախագահներին է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
« Երկու նախագահներն էլ հաստատել են կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նպատակով բանակցությունները վերսկսելու իրենց պատրաստակամությունը»,- ասված է միջնորդների հայտարարության մեջ:
Մոտ ապագայում կողմերը համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն սպասվող հանդիպման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: