«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդյանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ուենցած միջադեպից։
«Ժամը 10–ին սկսվեց նիստի քննարկումը, որը նորմալ հունով ընթանում էր, մի պահ քննարկման բնականոն ընթացքը խաթարվեց, պատգամավորները սկսեցին բավականին բարձր խոսել և ես փորձեցի պարոն Մինասյանին, մնացած պատգամավորներին ասել, որ եկեք վերադառնանք քննարկման բովանդակային փուլ, և սրանով ավարտենք։ Դրանից հետո պարոն Սահակյանը ասաց՝ Դուք չեք կարող մեզ վրա ձայն բարձրացնել, ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակելու եմ վարել, բա՝ չեք կարող, չեք կարող, մոտեցավ ինձ, որովհետև կանգնել էի և առանց որևէ բան անելու, հարձակվեց ինձ վրա, հետո դիմեց փախուստի։ Հարվածել է ինձ, տեսնում եք, թե որտեղ»,– պատմեց Վլադիմիր Վարդանյանը։
Խորհրդարանականի խոսքով՝ միջադեպը մոտ մեկ րոպե է տևեպ։ Հարվածը, ինչպես նշեց հանձնաժողովի ղեկավարը, բավական ուժեղ էր։
«Չեմ կարող ասել՝ ընդդիմադիր պատգամավորի ձեռքում ինչ-որ բան եղել է, թե ոչ։ Սակայն ես չեմ բացառում նման հնարավորությունը»,- ասաց Վարդանյանը։
Նա արդեն ներկայացել է հարցաքննության ու ցուցմունք տվել։ Պատգամավորը, սակայն, հրաժարվեց քրեական գնահատական տալ այս արարքին։
«Վստահեցնում եմ՝ ես չեմ այս միջադեպի նախաձեռնողը։ Ես ինձ ոչ մի վիրավորական արտահայտություն թույլ չեմ տվել։ Ես ինձ թույլ չեմ տվել նույնիսկ ներկաների հետ «դու»-ով խոսել»,- ասաց պատգամավորը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հանդիպմանը Վարդանյանը ագրեսիվ պահվածք է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։ Սահակյանն արձագանքել է սրան. Հետո նա վեր է կացել և գնացել դեպի Սահակյանը։ Հաշվի առնելով իշխող կուսակցության պատգամավորների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու փորձը՝ Սահակյանը գնահատել է իրավիճակը և, ինքնապաշտպանության նկատառումներով առաջինը հարվածել։
