Բավ է պառակտվել
23-05-2016 14:05

Կորցրած տարածքներն ամրագրված են ԼՂՀ-ի տարածքներում. Ս. Օհանյան

ԼՂՀ սահմաններում կրակոցների թիվը շատ քիչ է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության հետ, ԼՂՀ-ի սահմաններում կրակոցների թիվն այսօր շատ քիչ է, փորձում են պահպանել հրադադարի ռեժիմը։ ՊԲ-ի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը։ Շաբաթ օրը ՊԲ-ի առաջին գծում էի, ասեմ, որ տրամադրությունները շատ բարձր էր, ստորաբաժանումները պատրաստ են իրենց մարտական խնդիրները կատարել»,- ասաց նա:

Հարցին, թե նախարարն ինչպես կմեկնաբանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ «Կորցրած 800 հեկտարը ամայի տարածք է և պետք մոռանալ այդ մասին» հայտարարությունը, նախարարը պատասխանեց, որ մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակվողական, լինում է զորքերի տեղաշարժ։

«Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այս տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և կարծում եմ, բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այդուհանդերձ պետք է արդյոք մոռանալ այդ տարածքների մասին, նախարարը պատասխանեց. «Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ և դրա համար էլ ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով,կրակային խոցման առումով, Պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի»:

Նախարարը նաև անդրադարձավ կամավորների վերադառնալու տեղեկությանը: Ըստ նրա՝ կամավորական ստորաբաժանումները, որոնք ձևավորվում են գոյություն ունեցող հասարակական կամ տարբեր ընկերական կազմակերպությունների հենքի վրա, մեծ աջակցություն են ցուցաբերել Պաշտպանության բանակին և նրանց ծառայությունը իրականացվել է տարբեր հերթափոխների միջոցով, որն այսօր շարունակվում է: «Նրանց անհրաժեշտությունն այլևս չկա։ Տարբեր ստորաբաժանումներ լիարժեք իրականացնում են իրենց խնդիրը, նրանք հերթափոխվել են և նորից վերադարձել են»:

Սեյրան Օհանյանը օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեց ողջ ժողովրդին, կամավորներին ու պատերազմի բոլոր մասնակիցներին՝ իրենց փորձի փոխանակման ու փորձի համադրման համար: «Շնորհակալ եմ նրանց մեր այսօրվա առաջին գծում գտնվող բանիմաց, խելացի, գրագետ հրամանատարների, զինվորների հետ միասին մեր երկրի պաշտպանության, Արցախի պաշտպանության խնդիրն իրականացնելու համար»,- ասաց նա: