Բավ է պառակտվել
03-03-2021 12:26

Իմքայլականների պահվածքը գնահատում եմ առնվազն ագրեսիվ. ԲԴԽ նախագահ

«Ես հրաժարական տալու մտադրություն չունեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Հարցին, թե ինչպես է գնահատում իմքայլական պատգամավորների վերաբերմունքն իր նկատմամբ, Վարդազարյանն արձագանքեց․ «Առնվազն ագրեսիվ։ Պատճառը չգիտեմ»։
ԲԴԽ նախագահն ասաց, թե կվերլուծի երեկ և այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը, դրանից հետո միայն կպատասխանի հարցին, թե արդյո՞ք իմքայլական պատգամավորներն իր դեմ ինչ-որ բան ունեն։
ԲԴԽ նախագահը անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործով դատավարությանը:
«Պաշտպանական կողմը միջնորդություններով թույլ չի տալիս, որ գործի քննությունը մտնի ապացույցների հետազոտման փուլ, արդյոք ԲԴԽ-ն տեսնո՞ւմ է խնդիր» հարցին ի պատասխան՝ Վարդազարյանը նշեց.
«Նույնիսկ եթե ԲԴԽ-ն խնդիր տեսնի, իրավասու չէ արձագանքել այդ պրոցեսին: Ես կարող է տեսնել խնդիր՝ երեկոյան տանը հեռուստացույց նայելիս, ԲԴԽ մեկ ուրիշ անդամ, բայց ինստիտուցիոնալ առումով ԲԴԽ-ն իրավասու չէ միջամտել, արձագանքել պրոցեսին: Դրա համար կա դատախազ, կան կողմեր, տուժողների ներկայացուցիչներ, ամբաստանյալի փաստաբաններ, ի վերջո՝ դատարան, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ: Որպես ԲԴԽ անդամ՝ իրավասու չեմ պատասխանելու այդ հարցին»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցին, Վարդազարյանն ասաց՝ այս պահին նման հարց ԲԴԽ օրակարգում չկա, Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է կատարել ԲԴԽ անդամի իր լիազրությունները․
«Կա ընդամենը մեկ հայց, ըստ որի՝ դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ԲԴԽ նախագահի և դատարանից, որպեսզի դատարանը պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները, սպասում ենք դատական ակտին»։