Բավ է պառակտվել
20-12-2021 18:11

Օրակարգը թելադրում է Թուրքիան․ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը՝ հայ-թուրքկան երկխոսության գործընթացի մասին

«Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը խոսել է Թուրքիայի հետ շրագրավորվող երկխոսության գործընթացում Հայաստանի իշխանությունների իներտության մասին։

«Հայաստանը ոչինչ չի խոսում (Թուրքիայի հետ հարաբերությունների) կարգավորման մասին, խոսում է միայն մեկ մարդ՝ Չավուշօղլուն: Թուրքիան է թելադրում օրակարգը», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանուկյանը։

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ բանագնացներ նշանակել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Ավելի ուշ Չավուշօղլուն հայտարարեց ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 18-ին, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Թուրքիայի հետ երկխոսության հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը. այն կլինի ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորը՝ խմբ.)։

Մանուկյանը հիշեցրեց, որ օգոստոսին Թուրքիայի նախագահ Էրդողանը մի շարք նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին, այդ թվում՝ Արցախին և ցեղասպանությանը վերաբերող։

«Մի քանի օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «դրական ազդանշաններ է ստացել Թուրքիայից»։Հայ պատգամավորների՝ կոնկրետացնելու առաջարկին, նրանից պատասխան չի ստացվել»,- ասաց պատգամավորը։

Ավելին, ըստ Մանուկյանի, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կառավարության ծրագրում նշված ձևակերպումը Թուրքիայի կողմից ընկալվել է որպես նախապայմաններից մեկի կատարման փորձ։

«Թուրքիան ասում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է բացառվի օրակարգից, իսկ դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ ավանդական հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, ըստ էության, նախապայմանները կատարվում են»,- եզրափակեց նա։

Նախօրեին Չավուշօղլուն Իսլամաբադում ասել է, որ Թուրքիան «Հարավային Կովկասի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունում է եղբայրական Ադրբեջանի հետ միասին»։ Նա նշել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ինչպես նաև Մոսկվայում «3+2» տարածաշրջանային հարթակի հանդիպումը, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների և Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրենի մակարդակով։

Էրդողանի և Ալիևի նախաձեռնությունը

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով և Անդրկովկասում 3 + 3 ձևաչափով տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով համագործակցության նախաձեռնությամբ։ Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այս գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի ծրագրում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը խաղաղությունը պահպանելու համար՝ «եռյակի» տեսքով։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվեց 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։