Բավ է պառակտվել
28-06-2018 21:52

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայ- ֆրանսիական հարաբերությունները քննարկել է դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները ստեղծում են լավ հիմք երկու բարեկամ պետությունների համագործակցության հետագա զարգացման համար:

Փոխվարչապետը կարևորել է ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությունը Հայաստանի տնտեսությունում և անհրաժեշտ համարել մեր երկրում ֆրանսիական ներդրումների շարունակականությունն ու հետագա ընդլայնումը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես բարձր է գնահատել ֆրանսիական կազմակերպությունների դերը հայկական տնտեսության մեջ՝ դրանց կողմից եվրոպական գործարար մշակույթը Հայաստան բերելու և աշխատակիցների արդյունավետությունը բարձրացնելու ունակության առումով:

Փոխվարչապետը նաև դրվատանքով է խոսել հայ-ֆրանսիական հարաբերություններում կարևոր օղակ հանդիսացող Հայաստանում ֆրանսիական համալսարանի և մեր երկրի աշխատաշուկայում մրցունակ համալսարանի շրջանավարտների մասին:

Ֆրանսիայի դեսպանը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին, հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա ստեղծել ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայր և կյանքի կոչել առաջ քաշած բարեփոխումների ծրագրերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և հեռանկարի վերաբերյալ:

Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ մինչ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան հայ-ֆրանսիական համագործակցության նոր ձեռքբերումներ և հաջողությամբ իրականացված նախաձեռնություններ կլինեն: