Բավ է պառակտվել
11-09-2019 14:05

Իշխանական պատգամավորների տեսակետը Ամուլսարի վերաբերյալ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դիրքորոշումն Ամուլսարի մասով չի փոխվել, լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը,հավելելով,որ այս հարցի վերաբերյալ ի սկզբանե խմբակցությունում եղել է տարաձայնություն.
«Կան մարդիկ, ովքեր մինչև ԱԺ ձևավորումը, մինչև անգամ հեղափոխությունը այդ թվում նաև ես, եղել ենք Ամուլսարի հարցերով պայքարողներից, և խնդիները, որոնք ի սկզբանե բարձրաձայնվել են, բնական է, որ այսօր արդեն որպես իշխանության ներկայացուցիչ, մոռացության պիտի չտանք»,–ասաց պատգամավորը։
Հարցին, թե ո՞ւմ կողմը կկանգնի, եթե բախումներ լինեն, Հովսեփյանն ասաց. «Ոչ թե դեմ և կողմ, այլ երկուսի մեջտեղում»:
Իսկ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է,որ որևէ շեղման դեպքում մենք հնարավորություն կունենանք կասեցնելու հանքի շահագործումը։ «Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակների համար մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա կա շատ հանգիստ, շատ հասարակ լուծում. կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե և ըստ այդմ անել հաջորդ քայլերը», - նշեց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով եթե հանրաքվեն տա արդյունք, այն որ հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ, «որտեղ մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետներով, որը ունեցել է և կհայտնվեն թիմեր, որոնք կասեն հստակ, որ մենք կգանք և Ամուլսարը կփակենք, և այդ ժամանակ ժողովուրդը իր ընտրությունը կկատարի»,–ասաց Աղազարյանը:

 

Արմինե Գևորգյան