Բավ է պառակտվել
26-04-2021 22:09

ԲՀԿ-ն չի առաջադրի Հայաստանի վարչապետի թեկնածու

Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը չի առաջադրի վարչապետի թեկնածու, որպեսզի հրաժարական տված Նիկոլ Փաշինյանին չտա բարոյական իրավունք վերընտրվելու իշխող մեծամասնության կողմից։ Այս մասին ասել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում։

«ԲՀԿ-ն չի խաղա իշխանության դաշտում, ոչ մի դեպքում։ Չգիտես ինչու, բոլորը մոռանում են, որ իշխող թիմն ունի 83 պատգամավոր։ Երկրորդը, երբ ասում են՝ պառլամենտական ընդդիմությունը թող անպայման թեկնածու առաջադրի, մոռանում են շատ կարևոր մի պահ․ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանում է բարոյական իրավունք վերընտրվելու իր 83 պատգամավորների կողմից»,- հայտարարել է նա։

Աբովյանը նշել է, որ Փաշինյանի այդ կերպ վարչապետ վերընտրվելու պարագայում մեկ տարվա ընթացքում գոյություն չի ունենա նրան անվստահություն հայտնելու կամ պահանջներ դնելու իրավական ոչ մի լծակ։

Պատգամավորը հայտնել է, որ գալիք արտահերթ ընտրություններում իրենց ընտրացուցակը գլխավորելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։