23-09-2018 11:16

ԲՀԿ-ն կպահանջի ոստիկանության պետի հրաժարականը․ Զոհրաբյան

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը պահանջելու է ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականը, հայտարարել է պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել հիմնվելով ստացված տեղեկությունների վրա այն մասին, որ այնտեղ ընտրակաշառք են բաժանում։ Զոհրաբյանն այդ տեղեկությունները սուտ մատնություն է անվանել և խնդրել է Հայասատանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանին պարզել իրավիճակը, քանի որ խուզարկությունն իրականացվել էր կուսակցության գործունեությունը կաթվածահար անելու նպատակով։

“Ես դիմել եմ ոստիկանապետին և տեղեկացրել, որ 12 օրերի ընթացքում ոստիկանությունը կազմալուծել է մեր կուսակցության ակտիվիստների գործունեությունը։ Համաձայն ոստիկանության տեղեկատվության, ավելի քան 300 ակտիվիստ է “հրավիրվել ոստիկանության բաժանմունք”։ Մարդկանց ժամեր շարունակ պահել են, փաստորեն մեր նախընտրական քարոզարշավը կազմալուծվել է”,-ասել է Զոհրաբյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ ոստիկանության գործողությունները նպատակաուղղված են եղել, իսկ իրականում ոչ մի խախտում չի եղել։

“Հարգելի պարոն Օսիպյան, եթե խախտումների մասին ահազանգերը չեն հաստատվել, ապա ես հորդորում եմ ձեզ քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության հոդվածով բոլոր այն անձանց, ովքեր պատասխանատու են այդ կեղծ ահազանգերի համար։ Կամ դուք դա կանեք, կամ մենք ստիպված կլինենք արձանագրել, որ ձեր գործունեությունը ուղղված է ԲՀԿ դեմ, և, բնականաբար, հարց է ծագում, արդյո՞ք դուք կարող եք շարունակել ձեր՝ որպես ոստիկանապետ գործունեությունը”,- ասլե է Զոհրաբյանը։