Բավ է պառակտվել
22-09-2015 12:09

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի սահմանադրական փոփոխությունների նախագծին. Վ. Բաբայան

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Վահան Բաբայանը այսօր խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումներից, ասաց. «ԲՀԿ-ի անունից կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ կա կուսակցության և խորհրդարանական խմբակցության որոշում՝ ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծին քվեարկել «այո», և սատարել սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթը, որը դրվելու է հանրաքվեի: Մենք աջակցելու ենք այդ փոփոխության անցկացմանը»: Պատգամավորը նկատեց, որ ԲՀԿ-ն այս որոշմանը մեկ օրում չի եկել, եղել են բազմաթիվ քննարկումներ. «Այդ ուղղությամբ շատ քննադատություններ են հնչում, բայց կարող եմ հավաստիացնել, որ մեր մասնագետները, մեր թիմակիցները, մեր սահմանադրագետ գործընկերները բավականին լայնամասշտաբ քննարկումներ են անցկացրել: Ի վերջո սահմանադրության փաթեթի վերջին փոփոխությունները այնպիսին են եղել, որ «դեմ» ասելու և չսատարելու որևէ լուրջ պատճառ մենք չէինք կարող բերել»:  Վ. Բաբայանը նշեց, որ բոլոր դրույթները, որոնց իրենք դեմ են եղել՝ փոփոխվել կամ հանվել են նախագծից: Դրանք են՝ կայուն մեծամասնությանը, ինքնաբուխ հավաքներին, ընտրիչների համակարգի ձևավորմանը վերաբերող դրույթները:  «Հանվեց ՏԻՄ մարմիններին առաջնային մանդատով օժտելու գաղափարը: Չէր կարելի նման բան թույլ տալ և այժմ ապագա նախագահին կընտրի ԱԺ-ն»:  Բանախոսը նշեց, որ պետք չի փնտրել ինտրիգներ, սա նորմալ պրոցես է, և որ ԲՀԿ-ն հետամուտ է լինելու ընտրական օրենսգրքի և այլ օրենքների անցկացմանը խորհրդարանում. « Հիմնական մասով մեզ համար ընդունելի փաթեթ է: Խմնբակցության ներսում ԲՀԿ կուսակցության անդամները պետք է կատարեն կուսակցական մարմնի որոշումները և կողմ քվեարկեն նախագծին»:

Մարինե Բարսեղյան