Բավ է պառակտվել
11-01-2019 15:43

“Բարգավաճ Հայաստանը” որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը (ԲՀԿ) որոշում է կայացրել ընդդիմության կողմից Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը։ Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը։

Տոնոյանը նշել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականությունները կիրականացնի Արման Աբովյանը, սակայն չի նշել, ո՞վ կլինի խմբակցության ղեկավար:

“Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի”,- գրել է Տոնոյանը:

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորները ստացել են իրենց մանդատները երեկ՝ հանդիսավոր արարողության ժամանակ:

“Իմ քայլը” դաշինքը ստացել է 88 մանդատ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը՝ 26 մանդատ և “Լուսավոր Հայաստան” կուսակցությունը՝ 18 մանդատ: Ընդհանուր առմամբ, խորհրդարանում կլինի 132 պատգամավոր:

Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 10: 00-ին:

“Իմ քայլը” դաշինքը որոշել է խորհրդարանի 2 փոխնախագահների պաշտոնում ներկայացնել Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, իսկ “Լուսավոր Հայաստան “ կուսակցությունը ընդդիմության կողմից փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։