Բավ է պառակտվել
09-04-2019 19:40

Պրահան կատարում է էմբարգոյի պահանջը և չի արտոնագրում զենքի մատակարարումն Ադրբեջանին

Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը երեքշաբթի Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պրահան խստորեն կատարում է սպառազինության մատակարարման արգելքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան:
Հայկական մամուլում վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղեկություններ են հրապարակվել, որ Չեխիան Ադրբեջանին վաճառում է ռազմական տեխնիկա, մասնավորապես` հաուբիցների և արձակման կայաններ:
“Չեխիան հետևում է միջազգային պահանջներին և իր օրենսդրությանը և խստորեն վերահսկում է ռազմական տեխնիկայի արտահանման արտոնագրման գործընթացը: Ադրբեջանին հաուբիցներ է մատակարարել ոչ թե Չեխիան, այլ երրորդ կողմը: Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի պահանջը և Ադրբեջանին սպառազինություն չենք մատակարարում”, - ասել է Մետնարը։

Միևնույն ժամանակ նախարարը հայտնել է, որ 2016-2017 թվականներին Պրահան ստացել է հաուբիցների և հրթիռների արձակման կայանների արտահանման բազմաթիվ հայտեր, սակայն չեխական պաշտպանության նախարարության և ՆԳՆ առաջարկով մերժել է դրանք։

“Չեխիան կատարում է էմբարգոյի պահանջները, մասնավորապես՝ տարածաշրջան ռազմական տեխնիկայի մատակարարումների ԵԱՀԿ սահմանափակումները: Մենք աջակցում ենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը”,- նշել է նա: