Բավ է պառակտվել
02-05-2019 16:05

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությանը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունված ՀԱՊԿ կանոնադրությունում և 1992 թվականի մայիսի 15-ին կնքված Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ անելու մասին արձանագրությունների վավերացմանը։

Փոփոխություններն առաջարկել է Հայաստանն իր Սահմանադրության փոփոխության կապակցությամբ, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման ձևին և հանձնել իշխանության բոլոր լիազորությունները կառավարության ղեկավարին։

Փոփոխություններով, մասնավորապես, առաջարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկել անդամ պետությունների նախագահներին կամ կառավարության ղեկավարներին, եթե իրենց պետության օրենսդրության համաձայն նրանք օժտված են Հավաքական անվտանգության խորհրդի հետ կապված հարցերի ընդունման լիազորություններով։ Նմանատիպ դրույթ նախատեսված է նաև ՀԱՊԿ կանոնադրության մեջ։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն, ՀԱՊԿ-ին անդամ չհանդիսացող պետություններն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են դրա բաց կանոնակարգային դաշտի, փորձի և պրակտիկայի ուսումնասիրությամբ, կարող են դիտորդի կարգավիճակ ստանալ առանց գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորության:

Բացի այդ, ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող պետություններն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են կազմակերպության նպատակներն ու սկզբունքները, ցանկանում են ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցություն, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ՝ ստանձնելով կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորություն:

ՀԱՊԿ-ն ունի վեց անդամ երկիր. Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան:

Փոփոխությունները նախարարների կողմից համաձայնեցնելուց հետո դրանք կներկայացվեն երկրների առաջնորդների հավանությանը, որոնք կհավաքվեն աշնանը կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: