Բավ է պառակտվել
08-02-2019 17:01

Կառավարությունը հավանություն է տվել գործունեության ծրագրին, փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարանի հաստատման

Հայաստանի կառավարությունն ուրբաթ կայացած նիստին հավանություն է տվել գործունեության ծրագրին, փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի հաստատման։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Հայաստանի կառավարությունը քննարկել է, բայց չի ընդունել իր գործունեության հնգամյա ծրագիրը, մատնանշելով որոշակի լրամշակման անհրաժեշտությունը։

Ինչպես այսօր նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կատարվել է խմբագրական աշխատանք, բոլոր առաջարկություններն առավելագույնս մշակվել և ընդգրկվել են։

“Ստացանք շատ լավ ծրագիր, մեծամփոփ բովանդակությամբ, ճիշտ կառուցվածքով և հիմնադիր սկզբունքներով։ Իսկ կոնկրետ ցուցանիշները և իրականացման ժամկետները կարտացոլվեն միջոցառումների ծրագրում, կառավարության ծրագրի հաստատումից հետո”,- ասել է Գրիգորյանը: Այս կապակցությամբ Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լրացուցիչ քննարկումներն օգնեցին ևս մեկ անգամ արձանագրել, որ այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է ունեցած հայեցակարգային պատկերացումներին:

“Անկյունաքարային նշանակություն ունի այն, որ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և, ըստ էության, մենք այս ծրագրով ազդարարում ենք դրա մեկնարկն, արձանագրելով, որ կառավարության գորածառույթը շարունակում է մնալ նույնպիսին՝ ինչպիսին եղել է թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը՝ հնարավորություններ ստեղծելը”,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքերով, պետք է հստակ արձանագրել, որ կառավարությունն իրեն համարում է Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություններ ստեղծելու, դրանց կիրառումը խրախուսելու գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը։

“Կառավարության հիմնական խնդիրը դրանք կյանքի կոչելն է, որպեսզի դրանք իրատեսական լինեն, այլ ոչ թե դեկլարատիվ, կիրառվեն գործնականում, և բոլոր քաղաքացիները կարողանան իսկապես զգալ և շոշափել հնարավորությունները, որոնք ապահովված կլինեն համապատասխան գործիքակազմով”, - ասել է Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ շուտով կներկայացվի նաև կառավարության կառուցվածքի նախագիծը, որը կուղարկվի խորհրդարանի հաստատմանը։ Ըստ նրա, ավարտվում են նաև աշխատանքները նոր Հարկային օրենսգրքի վրա, որն այդ համատեքստում նույնպես մեծ նշանակություն ունի: Բացի Հարկային օրենսգրքից կներկայացվի նաև մի քանի կապակցված օրենսդրական փոփոխություն։

Կառավարության ծրագրում արտացոլված են կառավարության հիմնական նպատակները և խնդիրները, աշխատանքի սկզբունքներն, արժեհամակարգը, ձգտումները, լուծում պահանջող խնդիրները։ Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունն ուղղված կլինի արտահանման կողմնորոշմամբ մրցունակ և համապարփակ տնտեսության ստեղծմանը՝ բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան։
Կառավարության ծրագիրը մշակվել է “Իմ քայլը” դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա: