Բավ է պառակտվել
27-10-2021 13:27

Իշխող ՔՊ կուսակցությունը ձախողեց ընդդիմության՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կառավարությանն ուղղված պահանջով նախագիծը

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին մերժեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը;

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը պարզաբանեց, որ իրենց խմբակցությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում, ինչից հետո փորձեց ստանալու նախագծի կոնսենսուսային տարբերակ, ինչը չհաջողվեց։

«Հայտարարության մեջ տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, նդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք նման հայտարարության մեջ չեն կարող տեղ գտնել: Մենք, ցավոք սրտի, չենք կարողացել ընդդիմության հետ հասնել կոնսենսուսի, որ այդ ներքաղաքական բովանդակություն ունեցող ձեւակերպումները ԱԺ հայտարարության այս տեքստից հանել: Հետևաբար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը»,- ասաց նա։

Հայաստան դաշինքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանը պահանջում է Հայաստանի կառավարությունից․

Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով:
Ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել Ազգային ժողովին հավաստի տեղեկատվության տրամադրումը: Զինված ուժերի բարեփոխումների և առհասարակ անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային, քննարկման դնել ինչպես մասնագիտական, այնպես էլ խորհրդարանական տարբեր ձևաչափերով:
Առաջնագծում ապահովել անվտանգության անհրաժեշտ ամրաշինական-ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համակարգերը: Արագացնել անվտանգության համակարգի վերափոխումների և արդիականացման գործընթացն այն համահունչ դարձնելով հետպատերազմական շրջանի սպառնալիքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին։
Խորհրդարանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ։
Խորհրդարանը գտնում է, որ

Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային-իրավական պարտավորություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները,
գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է,
դ) Uti possidetis սկզբունքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերը համաձայնում են այն ընդունելու որպես սահմանազատման հիմք:
ե) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.
Դատապարտում է՝
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան։
Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարումից հետո գերեվավարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները,պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները,
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը,
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները,
Ադրբեջանի ռազմաքաղական և հանրային շրջանակների կողմից հայատյացության չդադարող հռետորաբանությունը, միջազգային հանրությանը միակողմանի և խեղաթյուրված տեղեկատվության ներկայացումը:
Ազգային ժողովն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով Հայաստանի ու Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով:
Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, և որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով՝ Միավորված Ազգերի Կազմակերպության «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969թ. Վինեայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի՝ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:
Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափով:

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցի զինծառայողները ճանապարհների և դիրքերի շինարարության կանոնավոր փորձեր են ձեռնարկում, արձանագրվել են հայկական տարածքի կրակակոծման, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներից անասունների գողության դեպքեր։

Հայկական կողմը բազմիցս պահանջել է Ադրբեջանին ԶՈւ-ից վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

Մայիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զինված ուժերը ելման դիրքեր, Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։