Բավ է պառակտվել
01-03-2022 11:17

Հայաստանի ԱԺ իշխող խմբակցությունը հրաժարվեց քննարկել Մարաղայի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն օրակարգում չընդգրկեց «Տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 10-ը սահմանել Արցախի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ԱԺ նիստում ներկայացնելով նախագիծն, ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է միավորել տարբեր օրերը և հայտարարել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած բոլոր ջարդերի հիշատակի օր,, սակայն առաջարկը մերժվել է։

Հանձնաժողովի ղեկավար, ՔՊ պատգամավոր, նախագծի համազեկուցող Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծին։ Նա հայտարարեց, որ Մարաղա գյուղում խաղաղ բնակչության ջարդը պետք է դատապարտվի, դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և հանցագործություն է մարդկության դեմ։

«Մենք խոսեցինք այն մասին, որ սիմվոլիզմի տեսանկյունից պետք է սահմանել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով զոհված մեր քաղաքացիների հիշատակի օր, սակայն փորձեցինք լուծումներ գտնել, որպեսզի սիմվոլիկան ավելի կարևոր լինի։ Ի վերջո՝ քննարկումները բերեցին նրան, որ մենք հեռանում ենք բովանդակային քննարկումից, չենք ուզում դա դիտարկել համատեքստում, իսկ Մարաղայի ջարդերը պետք է դիտարկվեն որպես առանձին հիշատակի օր»,- ասաց նա։

Վարդանյանը հայտարարեց, որ հանձնաժողովը կոնկրետ դիրքորոշում է արտահայտել առ այն, «թե արդյոք հիշատակը պայմանավորված է միայն օրենքով այս կամ այն իրադարձությունն ամրագրելով»։

«Այս նախագծով փորձել իրական Մարաղայի դեպքերը, որոնք տեղի են ունեցել, որոնք պետք է դատապատվեն միջազգային հանրության կողմից, բերել և ասել՝ այ, Ադրբեջանը Խոջալուից է խոսում, դրա համար մենք Մարաղան ենք բերում, սա ընդհանրապես նույն հարթության մեջ դնելն է իրականությունը և ֆարսիֆիկացիան։ Եվ ընդհանրապես այս կարգի խնդիրների վերաբերյալ մենք չպետք է խոսեինք։»,- ասաց նա։

Հանձնաժողովի ղեկավարը կարծում է, որ եթե Հայաստանի պատմության ցանկացած իրադարձություն ամրագրվի օրենքով, ապա ի վերջո յուրաքանչյուր օրը կդառնա հիշատակի օր։
Արդյունքում օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 26, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 58 պատգամավոր։

Մարաղան քաղաքատիպ բնակավայր է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի (Միրբաշիր) հետ սահմանին։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում բնակվում էր 4660 մարդ, 1992 թվականից առ այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

1992 թվականի ապրիլի 10-ին, երկարատև գնդակոծությունից հետո, ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին Մարաղա, որտեղ հայկական աշխարհազորայինների մի փոքր ջոկատին հաջողվեց գյուղից տարհանել բնակիչների մեծ մասին, սակայն մնացել էր մոտ 118 մարդ՝ հիմնականում ծերեր, հաշմանդամներ, կանայք և երեխաներ։ Նրանցից շատերը դաժանորեն խոշտանգվեցին, ապա սպանվեցին ադրբեջանցի զինվորների կողմից։ Ռազմական հանցագործության հետեւանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։ Մարաղայի ջարդի կազմակերպիչները պատիժ չեն կրել։