Բավ է պառակտվել
23-03-2022 11:00

Իշխող խմբակցությունը դեմ է քվեարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունները քրեականացնելու մասին օրենքին

Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դրնող հայտարարությունները քրեականացնելու մասին ընդդիմադիր օրինագիծը չընդունվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ջանքերով։

Նախագծի ընդունմանը «կողմ» քվեարկեց 30 պատգամավոր, դեմ՝ 63, ձեռնպահ՝ մեկը։

Օրինագծի համահեղինակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ նախագծով նախատեսվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը կամ առավել ևս նշվածը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

«Այս կարգավորումն առավել արդիական է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Եկեք անկեղծ լինենք, այս նախագիծն, իմ կարծիքով և իմ պատկերացմամբ,լինելու է Հայաստանի տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու և նրանց կողմից թույլ տրվող արտահայտություններն անհետևանք չթողելու մասին»,- հայտարարեց նա։

Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել դրան։ Նա այդ որոշումը բացատրեց նրանով, որ գործող քրեադատավարական գործիքները հնարավորություն են տալիս լիովին պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ցանկացած ոտնձգությունից՝ գործողությունների կամ կոչերի տեսքով։

«Ըստ էության, այն խնդիրը, որը հնչեցվում է զեկուցողի կողմից, մեր քրեական օրենսդրությամբ լուծված է։ Փոխարենն այս նախագծով առաջարկվող մոտեցումը հստակ խնդիրներ է հարուցում, իրավական որոշակիության տեսանկունից այս նախագիծն ուղղակի որևէ քննության չի կարող դիմանալ»,,- ասաց նա։

ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն իր հերթին կոչ արեց դեմ քվեարկել այս օրինագծի ընդունմանը, ուշադրություն հրավիրելով դրա իրավական անորոշության վրա և ասաց, որ գործող օրենսդրության մեջ արդեն կան համապատասխան կարգավորումներ, մասնավորապես՝ ամրագրված Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։