Բավ է պառակտվել
19-11-2022 22:18

Պրահայի հայտարարությունը և Հայաստան-ԵՄ հարաբերությունները. Փաշինյանը և Միշելը հանդիպել են Թունիսում

Ջերբայում (Թունիս) Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերին Պրահայում Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի ղեկավարի, ինչպես նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքներին։

«Ընդգծվել է Պրահայի հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացման կարևորությունը», - հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի վարչապետն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

Փաշինյանը և Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Եվրամիության միջև հետագա համագործակցության զարգացման շուրջ։

Պրահայի հայտարարություն

Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Միշելի քառակողմ հանդիպումը։

Արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ: