Բավ է պառակտվել
19-01-2018 16:41

Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն ի զորու է կատարել ՀՀ նախագահի գործառույթները. քաղաքագետ

Հայաստանի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը կարող է կատարել իրեն վստահված ներկայացուցչական գործառույթները: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվող թեկնածուն:
Ինչպես ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Իսկանդարյանը, ՀՀ նախագահի պաշտոնը, որը նախատեսված է նոր Սահմանադրությամբ, սկզբունքորեն տարբերվում է նախկինից:
«Դրանք ունեն տարբեր դերեր, լիազորություններ և գործառույթներ: Ասել, որ նոր նախագահը լինելու է այնպիսին, ինչպիսին որ նախորդներն էին՝ ճիշտ չի լինի: Նոր նախագահի գործառույթները ներկայացուցչական են և, ըստ երևույթին, անձի ընտրությունը հիմնականում հիմնված է այդ նկատառումների վրա», - ընդգծել է Իսկանդարյանը:
Նրա խոսքերով, իրական իրավասությունները, երկրի կառավարումն ու մենեջմենթը կկենտրոնանան այլ վայրում:
«Ապրիլը կլինի նոր գործընթացի սկիզբը, այսինքն, այն թե ինչպես կգործի երկրի կառավարման նոր համակարգը և ինչպես կբաշխվեն իրավասությունները ՝մենք կտեսնենք ապրիլից հետո: Պարոն Սարգսյանի վերաբերյալ կասեմ հետևյալը. «պահուստայինների նստարանը» բավականին կարճ է: Տարբեր պաշտոններում նրա նշանակման մասին վերջին տարիներին հաճախ է խոսվել», - ասել է Իսկանդարյանը:
Նա նշել է, որ այդ մարդը բավականին փորձառու է, և կարող է իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, ինչով էլ զբաղվել է բավականին երկար տարիներ:
Հիշեցնենք, որ 2015 թ. Դեկտեմբերի 6-ին հանրաքվեում ընդունված փոփոխված Սահմանադրության նախագծի համաձայն, 2018 թ. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի լրանալուց հետո Հայաստանը ամբողջովին անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգին` պետության ղեկավարի իրավասությունների սահմանափակումներով: