Բավ է պառակտվել
13-02-2023 19:15

ՌԴ Պետդումայի նախագահը դեմ է արտահայտվել ղարաբաղյան կարգավորմանը Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավմանը

Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Դումայի կայքին հղումով, երկուշաբթի օրը հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

«Նախքան Եվրախորհրդարանին դիմելը և այս մարմնին ինչ-որ հարցերի լուծմանը ներգրավելը, պետք է պատասխանել, իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է, նման օրինակ չկա»,- ասել է Վոլոդինը։

«Նա, ով խաղաղություն է ցանկանում, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլ հստակ հասկանա, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»,- ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Այդ կապակցությամբ քաղաքական գործիչը հորդորել է ելնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ որոշումներից և կատարել դրանք։ «Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների օգտին, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- եզրափակել է նա։