Բավ է պառակտվել
27-12-2019 22:08

Մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Քր. Օր-ի 308 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ հրաժարական չտալու դեպքում մեղադրանք կառաջադրվի։
«Քննիչն ասաց՝ իր կյանքում նման մեղադրյալ չի տեսել, որ նման բարձր տրամադրություն ունի։ Երևի աշխարհում որևէ քննիչ չի տեսել»,-ասաց Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է տրամադրությունը։

«Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի այդ ամբողջի մասին մի օր կխոսեմ...x, y, z քայլերը հրաժարական տալն էր»,-ասաց ՍԴ նախագահը։
Թովմասյանը նշեց,որ այս ընթացքում ՍԴ–ի վրա աննախադեպ ճնշումներ են եղել։
Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով մասնակցում է Սահմանադրական դատարանի շենքի դիմաց անկացվող ակցիային, ասաց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո շատ հստակ է դառնում այս ամբողջ պրոցեսը։

«ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրել այսպես՝ կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո... եթե որևէ մեկը կարծում է, որ այդ օրենքի ստորագրումը, այս ողջ գործընթացները, Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այդ մոտեցումը, և դժվար է համարել, որ դա գոյության իրավունք ունեցող մոտեցում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով, Թովմասյանին մեղադրանքի առաջադրման հարցով մի շարք իրավաբանական հարցեր կան՝ կապված ֆունկցիոնալ և ընդհանուր անձեռնմխելիության հետ։

«Այս պահին այս հարցերը մի կողմ թողնենք, և խոսենք այն մասին, որ իշխող քաղաքական ուժը փաստորեն կանգ չառավ այս քայլի առջև։ Իսկ թե ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունում մեղադրանք, վերջին շրջանում մենք բազմաթիվ նման օրինականեր ունենք։ Մենք լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերվելու այդ մեղադրանքին»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ քննչական մարմինները պետք է հիմնավորեն, թե ինչո՞ւ հենց այսօր մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն առաջացավ։