Բավ է պառակտվել
02-09-2020 13:53

Կարմիր խաչը դեռ չի այցելել Ադրբեջանում հայ գերի Գուրգեն Ալավերդյանին. ԱԳՆ

Կարմիր խաչը մինչ այժմ չի այցելել Ադրբեջան գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ սեպտեմբերի 2-ին հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշեց, աշխատանքներ են իրակացվում Բաքվի կարմիր խաչի գրասենյակի հետ այցելություն կազմակերպելու նպատակով:
Սպա Գուրգեն Ալավերդյանը օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու պահին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանը առաջին իսկ օրվանից փորձում է մոլորված Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսանտ:
Աննա Նաղդալյանը նաև շեշտեց՝ Հայաստանում ռազմագերիներ չկան: Հետևապես Բաքվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հնարավորություն Երևանը չի դիտարկում:
Նա նշեց, որ Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են հնչեցնում չհաստատված հանգամանքներում իրենց կողմում հայտնված անձանց հասցեին, որոնք որևէ հանցանք չեն գործել: Մինչդեռ Հայաստանը նման քաղաքականություն չի վարում. այդպես, միայն այս տարի Հայաստանի իրավասության տակ է հայտնվել Ադրբեջանի 2 քաղաքացի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում և նրանք ռազմագերիների չեն վերածում: Հայաստանը, շեշտեց ԱԳՆ խոսնակը, հարգում է նրանց իրավունքը:
«Ադրբեջանը փորձում է հետ վերադարձնել 2 քաղաքացիների՝ անչափահաս Սմբատ Ցականյանի մարդասպաններին: Անչափահասի սպանությունը ծանր հանցանք է ցանկացած հասարակությունում: Կարծում եմ՝ պատասխանն առավել քան հստակ է»,- հավելեց Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ մարդասպանները պատիժ են կրում Արցախում:
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Երևանի հետ փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

 

 

Արմինե Գևորգյան