Բավ է պառակտվել
03-10-2022 14:11

ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին

ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, հայտնել է ՀՀ -ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նշել է, որ խոսքը սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողների մասին, մինչդեռ 2020 և 2021 թվականներին գերեվարվածներին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հոկտեմբերի վերջն և օգոստոսի սկզբին։

Ամատունին հայտնել է նաև, որ ԿԽՄԿ-ն փորձում է ամիսը մեկ անգամ այցելել ռազմագերիներին և ստուգել ինչպես նրանց վիճակը, այնպես էլ պահման պայմանները։ Նրանք նաև օգնում են բանտարկյալներին կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող հրապարակավ հայտնել ռազմագերիների թվի մասին տեղեկատվությունը։

Երկուշաբթի ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Ադրբեջանը հայտնում է 17 ռազմագերու մասին։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվում է բռնի անհետացման ենթարկված 80 հայ գերի։
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ զոհվել է 4 խաղաղ բնակիչ, 1-ի գտնվելու վայրը հայտնի չէ։ Վիրավորվել է 293 զինծառայող, շուրջ 20 զինծառայող՝ գերեվարվել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։