Բավ է պառակտվել
13-11-2019 15:00

ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները 100 % համընկնում են. Փաշինյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Արցախի պատկերացումները 100 % համընկնում են, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը։

“Նման իրավիճակ երբեք չի եղել, չի եղել իրավիճակ, երբ Հայաստանի և Արցախի պատկերացումները նույնական լինեն մինչև վերջին նյուանս, “առնվազն այդքան նույնական չեն եղել, որքան այսօր”,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի, սա նշանակում է, որ “մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են”:

Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ԵԱԽՎ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ավելի խորությամբ են ընկալում և ընդունում հայկական կողմի դիրքորոշումը, որը, կարծես, նրանց համար ավելի հասկանալի է դարձել։

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ձևավորվում է բացարձակապես նոր բովանդակություն և նոր ասելիք։

“Ինձ համար, որպես վարչապետի, ամենամեծ զարմանքն այն է, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, կորցրել է պատկերացումը ղարաբաղյան հակամարտության բովանդակության մասին, և այն ամենուրեք ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև”,- ասել է նա։

Միաժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հայկական կողմը աշխատում է ԼՂ հարցի իրական բովանադակությունը որպես փաստ ներկայացնել միջազգային հանրությանը։

“Մինչև բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, և ես սա համարում եմ հաջողություն”,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։