Բավ է պառակտվել
30-11-2021 21:52

Հայաստանի վարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Բրյուսելում գագաթնաժողովի օրակարգը, որի շրջանակներում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է վարչապետի մամլո ծառայությունը։

Փաշինյանը և Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի առաջարկով դեկտեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը: