Բավ է պառակտվել
21-09-2017 14:05

ՀՀ վարչապետը մատնանշել է պետության կայացման նորագույն շրջանի հիմնական մարտահրավերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ամենագլխավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել հայրենակիցներին:

«Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով»,- ասված է կառավարության ղեկավարի շնորհավորական ուղերձում։

Կարապետյանի խոսքերով, զարգացման յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ավելի է ամրապնդում մեր պետությունը՝ այն դարձնելով ավելի գրավիչ ու մրցունակ։

«Այս նոր փուլի հրամայականն է ժամանակակից և առաջադեմ երկիր ստեղծելը, Ազատ, Անվտանգ, Արդար ու Խելացի Հայաստան ունենալը»,- ընդգծել է նա։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ նպատակի իրագործման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ ամենակարևորը ստեղծարար հայ ժողովրդի ներուժն է:

«Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը։ Եվ ուզում եմ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ դա մեզ հաջողվելու է»,- նշել է Կարապետյանը:

Վարչապետը խաղաղություն, բարօրություն և առաջընթաց է մաղթել հայ ժողվրդին:

Այսօր Հայաստանը նշում է անկախության 26-րդ տարեդարձը: 1991թ. այս օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ հանրաքվե:

Համազգային քվեարկությունն անցավ ազգային շարժման ոգով: Անկախացմանը կողմ քվեարկեց գրեթե ողջ բնակչությունը՝ երկրի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 99%-ը:

Անկախությունը երկրի խորհրդարանի կողմից պաշտոնապես հռչակվեց սեպտեմբերի 23-ին: