Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի մեծ հավանականություն կա։
«Իմ եզրակացությունը Ադրբեջանի օրեցօր աճող ագրեսիվ հռետորաբանությունից է և, իհարկե, կան այլ տվյալներ»,- ասել է նա։
Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության վրա, որը սրվել էր ինչպես 2020 թվականի արցախյան պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո։
«Մենք համոզված ենք և 100 տոկոսով գիտենք, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին: Մենք, հասկանալով, որ հարցեր ենք ստանում, մենք ասացինք, որ դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն չունենաք, տեղում ունենաք տեղեկատվություն»,- ասել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից. Ընդ որում, Ադրբեջանի նախագահը բոլորի ներկյությամբ համաձայնեց, հետագայում հրաժարվեց այդ տարբերակից:
«Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է էսկալացիայի վտանգը, եւ հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաեւ էթնիկ զտումներ իրականցնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ պատեհ կլինի, որ ԼՂ եւ Լաչին միջանցք ուղարկվի փաստահավաք առաքելություն»,- ասել է նա։