Բավ է պառակտվել
05-05-2016 15:17

Վարչապետ. հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը

ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է հասարակության և քաղաքական ուժերի համախմբումը մեկ ընդհանուր նպատակի շուրջ

Հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու և Տավուշի մարզեր կատարած այցի շրջանակում Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ «Զինուժը պատրաստ է հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում արժանի հակահարված հասցնել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը կարևորել է ապրիլյան իրադարձությունների օրերին հասարակության, քաղաքական ուժերի համախմբումը մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Վարչապետը նաև նշել է, որ սահմանամերձ շրջանները շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով` կառավարությունը ծրագրեր կանցկացնի, որոնք ուղղված են սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև ենթակառուցվածքի զարգացմանը։ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։