Բավ է պառակտվել
29-09-2021 10:23

Վրաստանի վարչապետը հույս ունի նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ նախատեսում է մոտ ժամանակներս այցելել Ադրբեջան և Հայաստան և հույս ունի դրական դեր խաղալ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում:

«Վաղը մեկնում եմ Բաքու: Հանդիպում կունենամ [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ամենակարևորը` մենք վստահում ենք միմյանց: Երբ վստահություն լինի երկրների և առաջնորդների միջև, կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն», - ասել է երեքշաբթի Ղարիբաշվիլին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես նույն հարաբերություններն ունեմ մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում գտնվող պարոն [Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանի հետ: Մոտ ժամանակներս նաև նախատեսում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կարող եմ իմ ողջ էներգիան ներդնել [Երևանի և Բաքվի հարաբերությունների] կարգավորման մեջ եւ դրական դեր խաղալ»:

Ավելի վաղ, Ղարիբաշվիլին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ, առաջարկել էր աշխարհի առաջնորդներին « հարևանության խաղաղ նախաձեռնություն»` սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ինչպես այն ժամանակ նշել էր Վրաստանի վարչապետը, Թբիլիսին պատրաստ է ընդունել առաջին հանդիպումը խաղաղության նախաձեռնության շրջանակներում: Նրա խոսքով, նոր ձևաչափը կօգնի կառուցել երկխոսություն և տարածաշրջանային խնդիրների գործնական լուծում կլինի։

Ավելի ուշ կառավարության ղեկավարն ասել էր, որ Վրաստանը հանդես է գալիս հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար Թբիլիսիում հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։: