Մեր երկրի դեմ գործում են ազդեցիկ ուժեր, և նրանք փորձեցին երկրորդ ճակատ բացել Վրաստանում, սակայն նրանց ջանքերն անհաջող էին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։
Կոբախիձեն ընդգծել է, որ այդ գործողությունների հետևում կանգնած են կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներ և բյուրոկրատներ, որոնք հանդես են գալիս որոշակի ուժերի անունից։ «Մենք կունենանք նաև այն երկրների ցանկը, որոնք անարդար են վերաբերվում մեր երկրին, թեև այսօր չեմ ուզում կոնկրետացնել այդ երկրները, որպեսզի նրանց հնարավորություն տամ փոխելու իրենց վարքագիծը»,- ասաց վարչապետը։
Նա հավելել է, որ Վրաստանի դեմ գործում են ազդեցիկ ուժեր, որոնք փորձել են երկրորդ ճակատ բացել, սակայն չեն հասել իրենց նպատակներին։ Այդ իսկ պատճառով, ըստ Կոբախիձեի, իրենք շարունակում են հակադրվել մեր երկրին ու կառավարությանը։