Բավ է պառակտվել
09-06-2020 18:57

Երեք ուժային կառույցներից վարչապետը մեծ սպասելիքներ ունին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է երեք ուժային կառույցներ, որտեղ ներկայացրել է կառույցների նորանշանակ ղեկավարներին: 

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:

Վարչապետն ասել, որ արդեն ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ միասին կվերլուծեն համատեղ աշխատանքի արդյունքները և կգան ընդհանուր եզրակացությունների և՛ արվածի, և՛ հետագա անելիքների առումով:

«Անկեղծ ասած, այս ընթացքում, վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով մեր զինված ուժերի հետ, շատ հաճելի և կարևոր մի արձանագրում եմ արել. զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, ինչպես ցանկացած պետություն, Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց Հայաստանի ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված և այնքան ուժեղ չեն լինելու, որքան արտաքին մարտահրավերները: Այս գործում, իհարկե, մեր հիմնական ուժը, երաշխիքը զինված ուժերն են: ՀՀ կառավարությունը՝ ոչ միայն այսօրվա կառավարությունը, այլև որևէ կառավարություն, պարտավոր է ամեն ինչ անել ԶՈՒ-ի համար՝ նրա առաջ դրված խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար»,- անդրադառնալով զինված ուժերի դերակատարությանը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հաջորդ կանգառը ՀՀ Ոստիկանությունում էր:  Այս պաշտոնին նշանակվել է Վահե Ղազարյանը:

«Ոստիկանության աշխատակիցը պետք է յուրքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, ունենա զգաստացնող նշանակություն, բայց միաժամանակ ՀՀ քաղաքացին ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս իրեն պետք է զգա պաշտպանված, ընկալի որպես յուրային, մերձավոր:

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատակազմին ներկայացրել է  նոր ղեկավարին՝Արգիշտի Քյարամյանին:

 «Ուզում եմ ընդգծել, որ, իհարկե, ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց պետք է արձանագրենք նաև, որ մարտահրավերները և դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակն անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում: Ընդ որում՝ անվտանգություն ասելով - և այդ հասկացության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է - ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե ընդհանրապես կանխատեսված չէին՝ սկսած ընթացիկ ամենամեծ խնդրից՝ կորոնավիրուսի համավարակից, շարունակած տեղեկատվության անվտանգության, քաղաքական անվտանգության և մնացած բոլոր խնդիրներով՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն գործերի քննության որակի և դինամիկայի հետ կապված: Այդ հարցերը պետք է լուծենք»:

Վարչապետը նկատել է՝ երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ:

Հիշեցենք, որ այս երեք պաշտոնյաները իրենց պաշտոններից ազատվել են երեկ:

 

 

Արմինե Գևորգյան