Բավ է պառակտվել
06-10-2016 16:45

Կարեն Կարապետյանը ցանկանում է, որ կառավարության անդամները համարձակ աշխատեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ավարտին կոչ արեց կառավարության անդամներին աշխատել խիզախ և վճռական։

Հինգշաբթի տեղի ունեցավ կառավարության առաջին նիստը` ամբողջովին նոր կազմով։ Նիստի մեկնարկից առաջ կառավարության անդամներին դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկայացրեց իր ակնկալիքները նոր կառավարության աշխատանքից։

Վարչապետ Կարեն Կարապետյանը թիմի անունից շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին վստահության ու պարտավորեցնող խոսքերի համար և հավաստիացրեց, որ կառավարությունն իր ամենօրյա աշխատանքով ազդակ է հաղորդելու ՀՀ քաղաքացուն՝ նրա սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ:

«Մոտ օրերս ներկայացվելիք կառավարության ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ և ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորության ապահովմանը», – նշեց վարչապետը։

Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ կառավարությունն իր գործունեության ամբողջ ընթացքում աշխատելու է հասարակության հետ առավելագույն հետադարձ կապով և պարբերաբար բացատրելու է, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ նպատակով, որից հետո լսելու է հասարակության ակնկալիքներն ու խորհուրդները:

Նիստի ավարտից հետո վարչապետը բոլորին մաղթեց բարձր տրամադրություն և հաջող օր։

«Նախագահն իր ուղերձում ներկայացրեց սեփական ակնկալիքները, սպասումները, ինչպես նաև նախանշեց մեր առաքելությունը։ Այդ պատճառով ցանկանում եմ, որպեսզի բոլորս աշխատենք խիզախ և վճռական, որպեսզի այս ամենն ի կատար ածվի», – ասաց Կարապետյանը: