Բավ է պառակտվել
24-01-2018 11:03

ՀՀ նախագահ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, այս մասին երեքշաբթի օրը Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից և այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը: Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ և վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն՝ ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը»,- հավելել է Սարգսյանը:

Նա նշել է, որ բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ ղարաբաղյան խնդիրը մարդու իրավունքների խնդիրն է:

Այս առումով, ըստ նրա, կարևոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի վերջինս խաղաղության ջատագով է:

«Այս համատեքստում մեծապես կարևորում եմ նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրությանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը: Եվ հետևելով ձեր օրինակին՝ արդեն իսկ բազմաթիվ երկրների օրենսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքները: Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը»,-նշել է Սարգսյանը: