Բավ է պառակտվել
02-12-2016 16:16

Նախագահը հանձնարարել է Էդվարդ Նալբանդյանին հաջորդ դեսպանահավաքն անցկացնել ՀՀ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանրապետության նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագորթյան համաձայն, ԱԳ նախարարը զեկուցել է օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնման մասին, ինչպես նաև գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրման մասին:

Գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է մեր երկրի արտաքին հարաբերություններն արդյունավետ կառուցելու համար:

Նալբանդյանը զեկուցել է նաև առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ միջազգային կազմակերպություններում տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ-ի շրջանակում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Հաղորդագրության համաձայն, հանրապետության նախագահը նախարարի ուշադրությունն է հրավիրել Փարիզում նախատեսված Եվրոպայում ՀՀ դեսպանների ավանդական հանդիպմանը դիվանագետներին տրվելիք հանձնարարականների վրա՝ ուղղված հատկապես տնտեսության բնագավառում հետևողական և ակտիվ աշխատանքին՝ նկատի առնելով կառավարության նոր ծրագիրը և մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էդվարդ Նալբանդյանին հաջորդ դեսպանահավաքն անցկացնել Հայաստանում՝ ՀՀ բոլոր դեսպանների մասնակցությամբ: Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ: