Բավ է պառակտվել
25-11-2014 14:53

Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք: Նախագահը ծաղկեպսակներ է դրել քաղաքում կառուցվող 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանին և հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Սողոմոն Թեհլերյանի շիրիմին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նույն օրը Նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն և հանդիպել պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահն անդրադարձել է նաև ԼՂՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաեւ պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրեզնոյի հայ համայնքի ներդրումն Արցախին սատարելու գործում և հավելել, որ Ֆրեզնոն, լինելով կարևորագույն հայ գաղթօջախներից մեկը, շոշափելի դերակատարություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեջ: Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: