Բավ է պառակտվել
10-06-2017 21:43

ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը

Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին:
Կողմերը կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: