Բավ է պառակտվել
23-04-2019 20:48

Հայաստանի նախագահը ստորագրել է խորհրդարանի լուծարումը կանխող աղմկահարույց օրենքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացվել է պետության ղեկավարի կայքում։

2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախորդ՝ վեցերորդ գումարման պատգամավորները երկրորդ, վերջնական ընթերցումով ընդունել էին “Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքում փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։ Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, “Ծառուկյան” դաշինք և ՀՅԴ խմբակցությունները, դեմ՝ “Ելք” խմբակցությունը։

Փոփոխությունների համաձայն, եթե խորհրդարանի նիստը չի կարող տեղի ունենալ քվուրումի բացակայության պատճառով, կամ պատգամավորների նիստին մասնակցության խոչընդոտներ են առաջացել՝ առաջարկվում է նիստն ընդհատել և շարունակել խոչընդոտող հանգամանքները վերացնելուց հետո։

Ի պատասխան, նույն օրը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ հավաքել է բազմահազարանոց հանրահավաք Ազգային շենքի մոտ և արգելափակել պատգամավորների ելումուտը։ Անմիջապես տեղում նա ստորագրել է օրինագծին կողմ քվեարկած խմբակցությունների անդամ հանդիսացող նախարարների պաշտոնանկության մասին հրամանագրերը։ Հանրահավաքի ժամանակ նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և հակահեղափոխական բոլոր ուժերը Հայաստանի քաղաքական կյանքից։

Նա դիմել է նախագահ Սարգսյանին օրենքը չստորագրելու խնդրանքով:

Նույն օրը երեկոյան Փաշինյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում սկսվել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործընթացը, որը պաշտոնապես սկսվել է հոկտեմբերի 16-ին Փաշինյանի հրաժարականից հետո և ավարտվել դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններով:

Հոկտեմբերի 23-ին նախագահը որոշում է կայացրել Սահմանադրական դատարան ուղարկել փաստաթուղթը` ստուգելու համապատասխանությունը Սահմանադրությանը: Սույն թվականի ապրիլին Սահմանադրական դատարանը ճանաչել է, որ օրենքի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը, ինչը հնարավորություն է տվել նախագահին ստորագրել այն: