Բավ է պառակտվել
17-06-2020 12:42

Հայաստանի նախագահը ստորագրել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը

Նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը:

Ապրիլի 15-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրինագիծ՝ քաղաքացիների ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման վերաբերյալ, որի արժեքը գերազանցում է 100 հազար դոլարը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, քննարկման փուլում և այն նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, փաստաբաններ և գործարարներ անհանգստություն են հայտնել գործարար միջավայրի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ, մատնանշել են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և նաև կասկածի տակ են առել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը:

«Նախագահի աշխատակազմը հետևողականորեն քննարկել է բոլոր այս հարցերը Ազգային ժողովի պետական իրավական հանձնաժողովի, արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ», - ասվում է հայտարարության մեջ:

Նախագահի խոսքով, անկասկած կարևոր է հանցավորության դեմ պայքարը, բայց օրենքը պետք է օգտագործվի բացառապես որպես սոցիալապես նշանակալի հանցագործությունների դեմ պայքարի գործիք: Դրա անբարեխիղճ կիրառումը կխաթարի պետության նկատմամբ վստահությունը:

Օրենքը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության պահանջները: Նման տեղեկություններ մուտք գործելիս պետք է բացառվեն հնարավոր չարաշահումները, ոչ իրավական օգտագործումը, բիզնեսի խոչընդոտումը:

Այս համատեքստում նախագահը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ նա դիմել է Սահմանադրական դատարան՝ բանկային գաղտնիքի մասին օրինագծի նախագծի սահմանադրականությունը ստուգելու համար: Դրա քննարկումը տեղի կունենա հունիսի 16-ին:

Սարգսյանի խոսքով, ի թիվս այլ հարցերի, անհրաժեշտ է մշակել հստակ մեխանիզմներ բռնագրավված ապօրինի գույքը վերադարձնելու և հասցված վնասի փոխհատուցման համար:

Օրինագծի հեղինակները պնդում են, որ կդիտարկվեն միայն քաղաքական գործիչների և ձեռներեցների չհաշվարկված գույքը, այլ ոչ աշխատանքային միգրանտներինը (ովքեր հաճախ նույնպես աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի և չեն կարող հիմնավորել իրենց եկամուտները): Գույքի անօրինականության ապացույցների բեռը կրում է պետությունը:

Մարդիկ, ովքեր գույք են ստացել ալիմենտի կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման տեսքով, կամ եթե այն գտնվում է գրավառուների և պարտատերերի (այսինքն` բանկերի) մոտ, ազատվում է գույքը վերադարձնելու պարտավորությունից՝ անկախ դրա ծագումից:

Ստուգման ենթակա կարող է լինել ստուգումից առավելագույնը 10 տարի առաջ ձեռք բերված գույքը: Բացառիկ դեպքերում, եթե առկա են ծանրակշիռ ապացույցներ, քննությունը կարող է տարածվել 1991 թվականից սկսած ժամանակահատվածի վրա:

Կասկածյալ անձանց ունեցվածքի վերաբերյալ անձնական տվյալները կարելի է ստանալ միայն դատարանի որոշմամբ: Միևնույն ժամանակ, կասկածյալները կարող են բողոքարկել այս որոշումը:

Ապօրինի եկամուտներ ունեցող քաղաքացու անշարժ գույքը բռնագրավելու դեպքում նա դեռ կարող է փոխհատուցում ստանալ այդ տարածքում կատարված բարելավումների դիմաց, բայց միայն այն պայմանով, որ այդ բարելավումներն իրականացվել են օրինական եկամուտների հաշվին:

Ըստ նախագծի, լիազոր մարմինը պետք է ստեղծվի ՀՀ գլխավոր դատախազությանը կից: Յուրաքանչյուր առանձինգործի քննությանը կտրամադրվի մինչև երեք տարի: Հայցի համար հիմք կարող են հանդիսանալ քաղաքացու որոշակի գործողությունները կամ կարգավիճակը, քրեական գործերի շրջանակում ազդանշանները, որոնք վերաբերում են հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, հանցավոր խմբերին մասնակցությանը, ապօրինի զենքի և թմրանյութերի, թրաֆիքինգի դեմ պայքարին: Կլինեն նաև քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներ: