Բավ է պառակտվել
17-09-2016 09:50

ՀՀ նախագահը ներկայացրել է Երևանի դիրքորոշումը ԼՂ հարցում

Նախագահ Սերժ Սարգսյանը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել նախագահների և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի մասնակցությամբ նեղ, ապա նաև պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ ընդլայնված ձևաչափով, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, ինչպես նաև նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

«Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին: Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշկեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Երևանը միշտ հստակ շարադրել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների: «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- նշել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը պարզաբանել է, որ դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 — 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը։ Սարգսյանի խոսքով` Հայաստանն առաջնորդվում է նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար: