Բավ է պառակտվել
10-03-2021 18:17

Հայաստանի նախագահը վարչապետին և ընդդիմությանը հրավիրել է մարտի 13-ին հանդիպման

Նախագահը նշել է որ Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ հայկական պետության և պետականության համար:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում է հանդիպման։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։

«Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական: Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը»,- նշել է նախագահը:

Ստեղծված պայմաններում Սարգսյանի միակ նպատակը եղել և մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը։ Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին նախագահը հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում: Նա վստահ է, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են։

Նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ։
Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց կառավարության հրաժարականը: Վարչապետը սա անվանեց հեղաշրջման փորձ և անմիջապես ստորագրեց որոշում ՝ Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին: Այնուամենայնիվ, նախագահ

Արմեն Սարգսյանը, չնայած երկու անգամ չստորագրեց այս փաստաթուղթը (առաջին անգամից հետո վարչապետի աշխատակազմը կրկին ուղարկեց հրամանագիրը նախագահին), չվիճարկեց այն Սահմանադրական դատարանում:

Նախագահը մարտի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան, բայց այլ հարցով․ որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Գլխավոր շտաբի պետը հեռացվել է աշխատանքից: Ըստ ՀՀ օրենսդրության, եթե նախագահը չի ստորագրում վարչապետի միջնորդագիրը, որոշ ժամանակ անց այն ավտոմատ կերպով ուժի մեջ է մտնում: Այսպիսով, մարտի 9-ին լրացավ Գասպարյանի պաշտոնավարումը որպես Գլխավոր շտաբի պետ: Իսկ Սահմանադրական դատարան նախագահի դիմումի քննարկումը կարող է տևել մեկ ամիս: