Բավ է պառակտվել
08-04-2016 11:44

Սարգսյան. ԼՂՀ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերին` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերին սրված իրավիճակին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է արել Հայաստանն իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, նշել է, որ իրենք ահազանգել են համապատասխան մարմիններին և կառույցներին, թե ինչ ընթացք է ստանում գործը, ինչով կարող է ամեն ինչ ավարտվել։ Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են ստեղծել միջադեպերի պատճառները պարզելու մեխանիզմ շփման գծի ողջ երկայնքով, որպեսզի հստակ իմանան` ով է վիճահարույց գործողությունների նախաձեռնողը։
«Մոտավորապես 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց 3 հիմնարար սկզբունքներից 2-ից, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և այժմ պնդում է, որ այդ հարցը պետք է լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Եվ երկրորդ, բացի հակահայկական դեմարշերից և Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքից, Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և ընդլայնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն այն կարծիքին չէ, որ ռազմական գործողությունները բոլորովին անսպասելի են սկսվել։
«Մենք դրանց սպասում էինք: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Սակայն հրադադարն էլ պատահականություն չէր։ Ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցինեը համաձայն են այդ հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը, համապատասխան հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։
Լրագրողի այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը նշել է, որ իրենք երբեք դեմ չեն եղել դրան, սակայն կարծում են, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։
«Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»,- ասել է ՀՀ նախագահը:
Հարցին, թե ինչու չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը, ՀՀ նախագահը նշել է, որ եթե Հայաստանն այսօր ճանաչի ԼՂ անկախությունը, ապա դա կնշանակի հրաժարական այդ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններից:
«Եթե մենք ընդունենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ մասին տանել բանակցություններ: Դա, ի դեպ, նաև պատասխանն է այն նախորդ հարցին` ինչ ենք մենք անում հակամարտության սրման կանխման համար։ Մենք չենք ճանաչում ԼՂ անկախությունը` իրավիճակը լրացուցիչ չբարդացնելու համար»,- հայտարարել է ՀՀ նախագահը։
Նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, և չի կարելի ասել, որ այս տարիների ընթացքում ոչ մի արդյունք չի եղել։ Ըստ նրա` այդ ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, առավել ևս, որ խմբում ներկայացված են երկրներ, որոնք ունեն բավականաչափ միջոցներ և հնարավորություններ` ԼՂ-ում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար։