Բավ է պառակտվել
24-04-2021 21:52

Նախագահ Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին և ճշմարտությունն ասաց Հայոց ցեղասպանության մասին․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր աջակցությունն է հայտնել երկրի նախագահ Ջո Բայդենին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապացությամբ։ Այս մասին Շիֆը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենն օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին խոսելիս։
«Հայկական ծագմամբ ամերիկացիների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են մարդու իրավունքներին և ճշմարտությանը, այսօր պատմական հանգրվան է՝ նախագահ Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին և 1,5 միլիոն հայերի կոտորածը ճանաչեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- գրել է նա։
Շիֆն ընդգծել է, որ նման կերպ վարվելով՝ նախագահ Բայդենը դեն նետեց ամոթալի լռության ու կիսաճշմարտության տասնամյակները, ինչպես նաև իր նախորդներից շատերի չկատարած խոստումները և ճշմարտությունն ասաց իշխանություններին։
«Սա նշանակալի օր է հայազգի իմ հազարավոր ընտրողների համար, ովքեր ամբողջ կյանքում աշխատել, պաշտպանել և աղոթել են ճանաչման համար, և ինձ ոգեշնչում է այն, որ այս հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ դեռ կան ցեղասպանությունը վերապրած մարդիկ»,- ասել է Շիֆը:
Ըստ Շիֆի, չափազանց կարևոր է, որ այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ հայ ժողովրդի համար նոր վտանգների հավանականություն կա, այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սկսեցին Արցախի ժողովրդի դեմ:

«Մեր երկիրը, ինչպես նախագահն, այնպես էլ Կոնգրեսը, միաձայն ասում են. Մեզ այլևս երբեք չեն ստիպի լռել։ Եվ մենք երբեք չենք մոռանա», - գրել է Շիֆը:

ԱՄՆ նախագահներն ավանդաբար կարեկցանքի և աջակցույթան ուղերձ են հղում հայ ժողովրդին։ Սակայն «ցեղասպանություն» եզրույթը փոխարինվում է այլ ձևակերպումներով․ «սպանդ», «ջարդեր», «մեծ ողբերգություն», «Մեծ եղեռն»։

Այսպիսով Բայդենը կատարեց իր նախագահական ընտրարշավի ժամանակ տված խոստումը։ Նա դարձավ ԱՄՆ առաջին նախագահը 40 տարվա ընթացքում, ով հրապարակավ ցեղասպանություն ճանաչեց 1915 թվականի զանգվածային սպանությունները։ Ռոնալդ Ռեյգանը վերջին նախագահ էր, ով 1981 թվականին հայերի դեմ ոճրագործությունն անվանեց «Ցեղասպանություն, սակայն շուտով նահանջեց՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության՝ Թուրքիայի ճնշման ներքո։
Թուրքիան կտրականապես դեմ է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների «ցեղասպանություն» տերմինով բնորոշելուն, պահանջում է միջազգային հետաքննություն և այս ծայրաստիճան ցավոտ հարցի վերաբերյալ դիրքորոշումը համարում է լակմուսի թերթիկ՝ որոշելու իր վերաբերմունքն այս կամ այն օտարերկրյա պետության նկատմամբ։

Բայդենի հայտարարությանն ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է Վաշինգտոնին չգնալ նման քայլի՝ մատնանշելով, որ դա կվնասի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը նախազգուշացրեց, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «չի նպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը» և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը մնում է փակ, բայց կարող է ապաշրջափակվել, հաշվի առնելով ղարաբաղյան պատերազմի արդյունքները: