Բավ է պառակտվել
14-09-2022 09:48

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ալիևին վերադառնալ հրադադարի ռեժիմին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կոչ արել նրան՝ վերադառնալ Բաքվի և Երևանի միջև հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում նախագահ Մակրոնն ընդգծել է հրադադարի պահպանմանը վերադառնալու անհրաժեշտությունը»,- Ելիսեյան պալատի հայտարարությունն է մեջբերում Agence France Press-ը։

Ավելի վաղ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ալիևի հետ զրույցում Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և նշել բանակցությունների ուղղությամբ ակտիվ քայլերի կարևորությունը։ Մակրոնն ընդգծել է, որ «պատրաստ է գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության հետ միասին իր ներդրումն ունենալ այդ ջանքերում»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց և խոշոր տրամաչափի հրանոթներից սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր։ Հայկական սահմանի որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, ՀՀ զինված ուժերը տվել են համաչափ պատասխան։ Ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի հրետակոծության ինտենսիվությունը նվազել է, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 49 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ երեքը խաղաղ բնակչության շրջանում։