Բավ է պառակտվել
05-01-2022 22:35

Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ գործընկերներին՝ ճգնաժամի պայմաններում աջակցության խնդրանքով

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «տեղին և ժամանակին» է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերներին դիմելը, հայտնում է Sputnik Ղազախստանը։

Երկրի մայրաքաղաքում կայացած խորհրդակցությունից հետո Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ ստեղծված ճգնաժամի պայմաններում Ղազախստանին աջակցելու խնդրանքով։ Նրա խոսքով՝ խնդիրը «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարումն է։

Տոկաևը հայտնել է, որ խոշոր ենթակառուցվածքային օբյեկտների գրավումն իրականացվում է «ահաբեկչական խմբավորումների» կողմից։ Նրա խոսքով, խոսքը «արտաքին ագրեսիայի» մասին է, քանի որ խոսքը դրսում պատրաստված խմբերի մասին է։

«Սա պետության ամբողջականության խարխլում է և, ամենակարևորը՝ հարձակում մեր քաղաքացիների վրա», - ասել է Տոկաևը։

Ղազախստանից բացի ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետի հանաձայն՝ համաձայնագրի կողմերն անմիջապես օժանդակություն են ցուցաբերում արտաքին հարձակման ենթարկված պետությանը, ներառյալ՝ ռազմական։ Համաձայն 2-րդ հոդվածի՝ համաձայնագրի կողմերը անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում անհապաղ ակտիվացնում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, օգնություն ցուցաբերելու համար միջոցներ մշակելու և ձեռնարկելու համար։ Կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերն ու միջոցները կիրառելու մասին որոշումն ընդունում են մասնակից պետությունների ղեկավարները, նշված է փաստաթղթում։

Հունվարի 2-ին ավտոմեքենաների լիցքավորման գազի գների բարձրացման պատճառով Ղազախստանի արևմուտքում անկարգություններ են սկսվել, որոնք տարածվել են երկրի զգալի մասում։ Երկրի ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում, ցուցարարները գրավել են, այդ թվում՝ մարզպետարանը, նախագահական նստավայրը և օդանավակայանը։