Բավ է պառակտվել
26-01-2015 16:08

Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք և խաղաղություն ենք պարտադրելու. ՀՀ նախագահը

Մենք պատերազմ հրահրելու որեւէ պատճառ չունենք: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում: «Մենք պատերազմ հրահրելու որեւէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չի բնավ: Սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետեւել եւ հետեւելու է հատուցման գործողություն: Մինչեւ վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձեւով եւ ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով: Այսուհետ կարող են տեղի ունենալ նաեւ ձեւով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին եւ շփման գծի երկայնքով ավելի մեծ եւ սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»,- նշել է նախագահը: Ըստ Սարգսյանի, թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: «Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրու-թյունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված: Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարվի մեր քաղաքացիների կյանքերի ու մեր զինվորների կյանքերի գնով: Դա չի կարող արվել մեր հաշվին: Մենք մնում ենք այն համոզման, որ ճիշտը պայմանավորվելն է, որ ճիշտը բանակցությունները շարունակելն է, եւ հայտնի սկզբունքների ներքո պայմանավորվածություններ ձեռք բերելն է, իսկ դա հնարավոր է միայն զինադադարի պահպանման եւ վստահության կամուրջներ կառուցելու պարագայում: Կամուրջներ այրելով ոչ ոք լավ բանի չի հասել եւ չի հասնելու: Ես մեկ անգամ եւս ի լուր բոլորի հայտարարում եմ. մենք պատրաստ ենք եւ՛ լավին, եւ՛ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները: Սթափ գործընկերոջ հետ կարող ենք եւ պարտավոր ենք խաղաղություն բանակցել: Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք եւ, անպայման, խաղաղություն ենք պարտադրելու»,- ասել է նախագահը: