Բավ է պառակտվել
20-03-2015 13:42

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՏՄ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 20-ին, ընդունել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Բելառուսի մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն, Ղազախստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Գոսման Ամրինը, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը, ինչպես նաեւ Ղրղզստանի մաքսային ծառայության ղեկավար Ադամկուլ Ժունուսովը եւ Տաջիկստանի մաքսային ծառայության պետի 1-ին տեղակալ Նեգմատ Ռախմատովը, ովքեր երեւանյան նիստին մասնակցում են դիտորդի կարգավիճակով: Նախագահը ողջունել է հյուրերին եւ հույս հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումը կնշանավորվի իր արդյունավետությամբ, եւ նիստի օրակարգում ներառված հարցերի կառուցողական մթնոլորտում քննարկումները կօժանդակեն մաքսային ծառայությունների առավել ներդաշնակ համագործակցությանն ու կբարձրացնեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետությունը: Նախագահը երեւանյան նիստի աշխատանքներին մաղթել է հաջողություն: Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել կոլեգիայի նիստը Երեւանում անցկացնելու պատրաստակամության եւ այն բարձր մակարդակով նախապատրաստելու համար: Նրանք Հանրապետության Նախագահին վստահեցրել են, որ իրենց ղեկավարած կառույցները պատրաստ են իրականացնելու Միության անդամ երկրների ղեկավարների կողմից իրենց առջեւ դրված խնդիրները՝ նպաստելով Միության ամրապնդմանն ու զարգացմանը: