Բավ է պառակտվել
12-01-2021 09:20

ՌԴ նախագահը պաշտպանել է հայկական կողմի դիրքորոշումը՝ գերիների փոխանակման հարցում. Ռուբինյան

«Ռուսական կողմը և Ռուսաստանի նախագահը սկզբունքորեն պաշտպանել են հայկական կողմի դիրքորոշումը, և նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը խետք է իրագործվի»,- ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն ՌուբինյանՆ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Պատգամավորը նշել է, որ հայկական կողմը շատ կոշտ է բարձրացրել այս հարցը։ Որոշումը կայացված է և պիտի իրագործվի հնարավորինս արագ։

Նա նշել է նաև, որ Հայաստանը բարձրացնելու է Ադրբեջանի կողմից օկուպացված նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքները Արցախի Հանրապետությանը վերադարձնելու հարցը:

«Այս հարցը բարձրացվում է և կշարունակվի բարձրացվել, և ես կարծում եմ, որ սա նույնպես պետք է քննարկման առարկա դառնա հետագա բանակցություններում», - շեշտեց Ռուբինյանը:

Երկուշաբթի օրը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հնարավոր չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, և աշխատանքներն այս ուղղությամբ կշարունակվեն: Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու Արցախում պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների փոխանակմանը: