Բավ է պառակտվել
20-01-2022 20:36

Նախագահ Սարգսյան. «Հայաստանը չէր կարող Թուրքիայի հետ համաձայնության գալ առանց Ադրբեջանի և Սփյուռքի»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Sky News Arabia-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին։

«Պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց», - ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և« նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում»:

«Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով (1915թ․ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում՝ խմբ․): Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մինչ արձանագրությունների ստորագրումը Հայաստանում քննարկումներ էին ընթանում այս փաստաթղթերի շուրջ։ Նույն նպատակով Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. հոկտեմբերի 1-7-ը համահայկական շրջայց կատարեց և այցելեց արտերկրի ամենամեծ հայկական համայնքները Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և Դոնի Ռոստովում։ Համահայկական շրջագայությունը նպատակ էր հետապնդում ծանոթանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հայկական սփյուռքի դիրքորոշմանն ու մոտեցումներին։

Նախագահ Սարգսյանը նշել է նաև հարցազրույցում, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում։

Այս համատեքստում նախագահն ասել է, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև:

«Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: [...]։ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը»,- պարզաբանել է նա։

Նշելով, որ հայ-թուրքական բանակցությունները հեշտ չեն, Սարգսյանը հույս է հայտնել, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չի կարելի անտեսել պատմական իրողությունները:

«Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել»,- ամփոփել է նախագահը: