Բավ է պառակտվել
11-05-2021 11:41

Նախագահ Սարգսյանը հաստատել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը 2021թ․ հունիսի 20-ին նշանակելու մասին։

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հրամանագիրը ստորագրված, հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ (ԱԺ արտահերթ ընտրություն) և 93-րդ (ԱԺ ընտրության նշանակում) հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի (Վարչապետի ընտրություն և նշանակում) համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 10-ի հատուկ նիստին երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին, և Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվեց՝ Սահմանադրության համաձայն։
Քաղաքական պայմանավորվածության համաձայն ընդդիմադիր խմբակցություններից և ոչ մեկը թեկնածու չառաջադրեց։ Միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Եվ կրկին ըստ պայմանավորվածության՝ խորհրդարանը նրան չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչից հետո նրա թեկնածությունը 7 օր անց՝ մայիսի 10-ին նորից առաջադրվեց։

Ս․թ․ մարտի 18-ին, Հայաստանի նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումներից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կարող է լուծարվել միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, և պատգամավորները երկու անգամ չընտրեն նոր վարչապետ: Դրանից հետո խորհրդարանը համարվում է լուծարված օրենքի ուժով, և անց են կացվում արտահերթ ընտրություններ։

Պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական տվեց և դարձավ վարչապետի ժ․պ․։ Սահմանադրության համաձայն՝ մեկնարկեց խորհրդարանի լուծարման գործընթացը։

Համաձայն ՀՀ օրենսդրության, վարչապետի հրաժարականից հետո յոթօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ ներկայացնել։ Հակառակ դեպքում անցկացվում են նոր ընտրություններ, որոնց կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։

Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անց են կացվում Ազգային ժողովի լուծարումից ոչ շուտ քան երեսուն և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։ Ընդ որում, խորհրդարանի լուծարման գործընթացը տևում է 14 օր, քանի որ Ազգային ժողովը կարող է լուծարվել վարչապետի հրաժարականի դեպքում։